կխուսափեինք մեր սխալներից (I)
Այսօրվա և հաջորդ հոդվածները հատվածներ են պրոֆեսոր Գեորգիոս Դերտիլիսի «Յոթ պատերազմ, չորս քաղաքացիական պատերազմ, յոթ սնանկություն, 1821-2016» գրքից՝ ազգային ինքնաճանաչման մասին.
Երկու դարերի պատմության իրադարձություններ, տրավմատիկ ապրումներ, որոնք մենք մեր ներսում մղեցինք մոռացության, մոռացված սնանկություններ՝ տգիտության և դեմագոգիայի կնիքով, ճգնաժամեր, որոնք մեզ ստրկացրին աղքատությանը, մոլորություններին և ստին, բազմաթիվ զոհեր խլած պատերազմներ, եղբայրասպան քաղաքացիական պատերազմներ, որոնք մենք մղեցինք հետին պլան՞
Իրադարձություններ, որոնք մղեցինք մոռացության՝ սարսափից և խղճի խայթից փրկվելու համար, մինչդեռ միակ մաքրագործումը դրանց հիշողությունն ու գիտակցումն էր։ Բացենք մեր աչքերն ու հոգին Պատմության առաջ, որը վտարում է մոռացությունը և բերում է Ճշմարտությունը։
1821-ից մինչև այսօր Հունաստանը ներգրավված է եղել չորս քաղաքացիական և յոթ արտաքին պատերազմներում։ Այս երկու դարերի ընթացքում հունական պետությունը յոթ անգամ «սնանկացավ», ընկղմվեց համապատասխան ճգնաժամերի մեջ և գրեթե մշտապես ապրեց միջազգային ֆինանսական վերահսկողության ներքո։ Նման կրկնվող ապրումները կարող են խորը հետք թողնել մի ամբողջ հասարակության հոգեբանության և մտածողության վրա։ Դա հասկանալու համար բավական է մի պարզ միտք։ Նորագույն Հունաստանի պատմության մեջ երբեք չեն եղել հույներ կամ հունուհիներ, ովքեր գոնե մեկ անգամ իրենց կյանքում չեն զգացել պատերազմի սարսափը, կամ գոնե դրա սպառնալիքն ու վախը, և երբեք չեն եղել հույներ կամ հունուհիներ, ովքեր չեն զգացել տնտեսական ճգնաժամերի խոր անապահովությունը։
Փոքրասիական աղետից հետո վեց մեղավորները կանգնեցվեցին արտակարգ դատարանի առաջ, որը նրանց մահապատժի դատապարտեց։ Դա նույնպես սխալ էր։ Աշխարհի լուրջ մամուլը դատական որոշումը բնութագրեց որպես իրավական առումով խարխուլ, դաժանաբար կողմնակալ և բացահայտ անարդար, իսկ պատիժը՝ որպես բարբարոսական։
Քաղաքացիական պատերազմը, մեր մերձավորի լիակատար բնաջնջման պատերազմը, ենթադրում է փոխադարձ նողկանք և սնուցում անսահման ատելություն։ Նողկանքը մեր մերձավորին փոխակերպում է անշունչ ու զազրելի առարկայի, իսկ ատելությունը պարտադրում է նրա կործանումը։
Դա է տիրում քաղաքացիական պատերազմի մարտիկների մտքերում, այնպիսի չափով, որ վերջում դառնում է կյանքի ձև և մտածելակերպ։ Եվ քանի որ քաղաքացիական պատերազմը երկատում է ամբողջ երկիրը՝ գյուղերն ու քաղաքները, թաղամասերն ու ընտանիքները, ընկերությունները, այն դառնում է ժառանգական համաճարակ։ Ով զգացել է ատելությունը, փոխանցում է այն իր սերունդներին։ Ժամանակը կոփում է այդ մտածելակերպը և սերնդեսերունդ վերածում մշակույթի։
Քաղաքացիական պատերազմի դեմագոգիան բերում է բռնապետության՝ կեղծ խորհրդարանականության պատառոտված մանթիայի տակ։ Ծանր բառ է, բայց ոչ անարդար։ Մի՞թե աննշան են էկրաններով քայլող «ժողովրդի ներկայացուցիչների» անհեթեթությունն ու ստերը։ Մի՞թե պատահական են կեղծ մենամարտերն ու փոխադարձ մեղադրանքները, պատռված հուշագրերը, ճկուն խղճմտանքը և գոյություն չունեցող կամ կեղծ «գույքի հայտարարագրերը»։
Եվ չմոռանանք Թուրքիայի ընդարձակողական նկրտումները, որովհետև խորհրդային կայսրության փլուզումից և բալկանյան երկրների ազատագրումից հետո մեր ժամանակի «Արևելյան հարցը» վերաբերում է հիմնականում այն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածությանը, որը որոշում են էներգետիկ աղբյուրներն ու դրանց մատակարարման ուղիները։
Նաև չմոռանանք, որ պատերազմը զենքի հարց չէ այնքան, որքան ֆինանսական միջոցների։ Ուրեմն նախ դրանք ապահովենք և վաղաժամ չտարվենք դաշնակիցների խոսքերով։ Քանի որ ես ավելի շատ վախենում եմ մեր սեփական սխալներից, քան թշնամիների ծրագրերից (Թուկիդիդես)։
Ամփոփելով. եթե հույն քաղաքացիները գիտենային այն սխալները, որոնք հանգեցրին մեր պատմության առաջին վեց սնանկություններին, մենք կխուսափեինք յոթերորդից։ Եթե հույն քաղաքական գործիչները գիտենային այն սխալները, որոնք հանգեցրին մեր պատմության քաղաքացիական պատերազմներին, նրանք կդատապարտեին իրենց քաղաքացիական-պատերազմական դեմագոգիան։
Եթե մենք կարողանանք Պատմությունից ինչ-որ բան սովորել, գուցե ապագայում խուսափենք անցյալի որոշ սխալներից։ Պատմության իմացությունը տանում է ինքնաճանաչման և գիտակցության։ Դրանից դեպի գործողություն՝ Ժողովրդավարության ճանապարհը բաց է։ Մեզ՝ քաղաքացիներիս, է կախված՝ վերջապես դուրս կգա՞նք սխալների պտտահողմից, կկարողանա՞նք կասեցնել այն ուժերը, որոնք շարժում են այն (շարունակելի)։
Պավլոս Մարանտոս
marantosp@gmail.com
Σχόλια
Μοιραστείτε την άποψή σας για το άρθρο.
Δεν υπάρχουν σχόλια ακόμη. Γίνετε ο πρώτος που θα σχολιάσει.
Υποβολή σχολίου